ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է արել՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մասնակցությանը ԵԺԿ Արևելյան գործընկերությանը:
«Երեկ մեծ աժիոտաժ առաջացրեց Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը և ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի գնահատականները Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումներին։
Եվրոպական ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքի ղեկավարի կողմից արված շեշտադրումները, ի թիվս այլ նրբերանգների, ընդգծում են նաև այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի ներքո լոկալ պոպուլիստների բռնատիրական ջանքերը միջազգային հանրության առջև աննկատ և անհետևանք անցնել չեն կարող։
Երեկ՝ ուշ երեկոյան, Դոնալդ Տուսկի կողմից տարածված հատուկ պաշտոնական հայտարարության մեջ նա անդրադարձ կատարեց նաև Արցախյան հակամարտության կարգավորմանը, ընդգծելով, որ ԵԺԿ-ն վերահաստատում է իր համապարփակ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահների ջանքերին և կարգավորման հիմնարար սկզբունքներին։
Հիշեցնեմ, որ Եվրոպական խորհրդարանի երեք պաշտոնյաների սկանդալային հայտարարությունից հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրի առնչությամբ պաշտոնական նամակով դիմել էր Դոնալդ Տուսկին։
Այսպիսին է լինում երկրի շահերից բխող և իրական արտաքին քաղաքականությունը»,-գրել է Աշոտյանը։
--00—ԼՄ