ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին Ստեփանակերտի քաղաքապետի, քաղաքաշինության նախարարության և շահագրգիռ այլ մարմինների պատասխանատուների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի փողոցների երթևեկությունը բեռնաթափելու համար վերգետնյա ու ստորգետնյա անցումների կառուցման, ավտոկայանի տարածքի ընդլայնման և նախկին գյուղատնտեսական քոլեջի ու հարակից հանրակացարանային շենքերի ապամոնտաժման ու տեղում բնակելի նոր շենքերի կառուցման հարցերը:
Ներկայացված տարբեր ճարտարապետական էսքիզների քննարկման արդյունքում Հանրապետության նախագահը հանձնարարել է 2021թ. պետական բյուջեի նախագծում նախատեսել մի շարք անցումների կառուցման ծրագրերը: Ա. Հարությունյանը հանձնարարել է նաև կարճ ժամանակամիջոցում Ստեփանակերտի ավտոկայանի հարակից ազատ տարածքի հաշվին կազմել նոր ճարտարապետական նախագիծ, որը հնարավորություն կտա ընդարձակել ավտոկայանի տարածքը՝ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով ուղևորների համար: Իսկ մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող նախկին գյուղատնտեսական քոլեջի ու հարակից հանրակացարանային շենքերի ապամոնտաժման հարցով քննարկումները դեռ կշարունակվեն:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը:
--0--ԱՀ