ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարություն է տարածել ադրբեջանական սահմանային հերթական սանդրանքի վերաբերյալ և դիմել միջազգային հանրությանը:
«Այսօր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, որին համարժեք պատասխան են ստացել հայկական զինված ուժերի կողմից և կրել մարդկային կորուստներ:
Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ ակտիվորեն ծավալելով ռազմական գործողություններ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների ներգրավմամբ: Ակնհայտ է, որ այս գործողություններն Ալիևի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում են և միտված են վնասելու բանակցային խաղաղ գործընթացին:
Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում՝ ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին, որը լրացուցիչ զսպաշապիկ կհանդիսանա ռազմատենչ Բաքվի համար:
Հուսանք՝ ադրբեջանական կողմը արագորեն կանի համապատասխան հետևություններ և մարդկային կյանքերի գնով չի փորձի իր համար ներքաղաքական խնդիրներ լուծել՝ հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա»,-գրել է Մակունցը:
--00—ԼՄ