ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել Վանաձոր, Իջևան, Դիլիջան ու Սևան քաղաքներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Արդյունքում` պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 49 ավտոմեքենա, որոնց վարորդները թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ։ Հայտնաբերվել է 29 ոչ սթափ վարորդ։ 18 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ի խլացուցիչը վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու համար։ Բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 4 տրանսպորտային միջոց։
«Հարգելի՛ վարորդներ, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները. ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- հորդորում են ոստիկանությունից:
--00--ԱԹ