ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ԱՀ ԿԳՄ նախարար Լ. Ղարախանյանը Գիտելիքի օրը նշանավորել է սահմանամերձ Թալիշում: Դպրոցի մուտքի մոտ նախարարին դիմավորել են ուսուցիչները և այս ուսումնականի միակ առաջին դասարանցին՝ փոքրիկ Նանեն, ով , ի դեպ, դպրոցական պայուսակն ու գրենական պիտույքներն անձամբ նախարարից է ստացել: Ողջունելով դպրոցի անձնակազմին և շնորհավորելով Գիտելիքի օրվա առթիվ՝ նախարարն ընդգծել է սահմանի կարևորությունը.
«Սահմանն է այսօր թելադրում մեր ամբողջ գործունեության ու կենսակերպի տրամաբանությունը. սահմանամերձ համայնքում ապրող յուրաքանչյուր մարդ՝ փոքրիկ Նանեից սկսած, հերոս է: Այսօր, մեզնից յուրաքանչյուրը որևէ քայլ ձեռնարկելիս, պիտի առաջնորդվի իրական ու մնայուն արժեքներով ՝ վեր դասելով հայրենիքի շահը, հիշելով, որ այս հողը սրբագործված է արյամբ, աչքի առաջ ունենալով ընկած տղաների անխոս պատգամները»:
Ապրիլյանից հետո Թալիշի ճակատագիրը հիմնովին փոխվել է, այսօր տեղի դպրոցում 27 աշակերտ է սովորում, սակայն թշնամու կրակակետի տակ ապրող թալիշցիները հաստատակամ են պապենական հողը շենացնելու հարցում:
«Սահմանին ապրող մարդը կենդանի վահան է բոլորիս համար. դա նշանակում է, որ մենք սխալվելու, մեր համազգային նպատակներից շեղվելու իրավունք չունենք : Աստծո յուրաքանչյուր օրը երախտապարտ պիտի լինենք թալիշցի Նանեին, Թալիշի հերոս ուսուցչությանը, որ կարողանում է լուսավոր երազներով ու վեհ գաղափարներով սերունդ կրթել»,- նշել է Լուսինե Ղարախանյանը:
ԱՀ ԿԳՄ նախարարն այցելել է նաև Մատաղիսի միջնակարգ դպրոց, շնորհավորել ուսուցիչներին՝ տոնի առթիվ, տեղեկացել դպրոցի խնդիրներից:
--0--ԿԿ