ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Արաբկիր վարչական շրջանը տեղեկություններ է հաղորդել նոր կոյուղագծի կառուցման աշխատանքների վերաբերյալ:
«Արաբկիր 33, 35, 37 փողոցների բնակիչների համար նոր կոյուղագծի կառուցումը տարիներ շարունակ անհավանական թվացող ծրագրերի շարքից էր: Եվ նույնիսկ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանի, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի և աշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների համատեղ քննարկմանը թերահավատորեն էին հետևում:
Սակայն աշխատանքի մեկնարկն իրականություն էր, իսկ Կամո Արեյանի հրահանգները՝ հստակ.
- Աշխատանքը կազմակերպում եք այնպես, որ նվազագույնի հասցնեք բնակիչներին պատճառվող անհարմարությունը, խստագույնս հետևում եք անվտանգության կանոններին, որակին, ժամկետներին։ Աշխատանքներին անձամբ հետևելու է Արամ Դանիելյանը, համոզված եմ՝ տանտիրոջ սրտացավությամբ:
Մոտ 800 մետր երկարությամբ նոր կոյուղագիծն արդեն իրականություն է, աշխատանքները մոտենում են ավարտական փուլին, և 220-ից ավելի սեփական տուն այսուհետ օգտվելու է որակյալ հումքով կառուցված, ժամանակակից կոյուղագծից:
Կոյուղագծի խնդիրը Արաբկիրի և ողջ մայրաքաղաքի կարևորագույն խնդիրներից է, որը պահանջում է մեծ ռեսուրսներ և որի լուծումը տրվելու է ըստ առաջնահերթության։ Կարևորը՝ մեկնարկը տրված է»:
--00--ԱԹ