ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Հայ կաթողիկե եկեղեցու Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի-ն նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` իր զորակցությունը հայտնելով Արցախին և Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նամակում գրել է, որ համակ ուշադրությամբ և մտահոգությամբ են հետևում և շարունակում են հետևել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակմանը, ինչը մարդու իրավունքների և միջազգային կանոնների խախտում է:
«Մտահոգությամբ հետևում ենք Արցախի վրա կատարված հարձակման սպառնալից զարգացումներին նաև Հայաստանի ուղղությամբ: Մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի և Հայաստանի մեր քույրերին և եղբայրներին, քաջարի բանակին և այն բոլոր միջոցառումներին, որոնք նախաձեռնում եք Մայր Հայրենիքի և Արցախի անվտանգության ապահովման համար:
Վստահեցնում ենք, որ մեր շփումներով և մեր խոսակցություններով ուշադրություն պետք է հրավիրենք ադրբեջանական հարձակումների շարունակման հետևանքով ստեղծված վտանգավոր իրավիճակի և խաղաղության վերահաստատման համար անհրաժեշտ միջամտությունները կատարելու կարևորության վրա»,-ասվում է նամակում:
Գրիգոր Պետրոս Ի-ն ընդգծել է, որ աղոթում են և խնդրում են Ամենակարողին օգնել խաղաղության վերահաստատել բոլոր ազգերի միջև և իր հովանու տակ պահել ու պաշտպանել իրեն հավատարիմ առաջին քրիստոնյա ազգի զավակներին, մխիթարել զոհերի հարազատներին և շուտափույթ, ամբողջական ապաքինում տալ վիրավորներին:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա:
շՀայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:
--00--ԱՀ