ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի:
Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը:
Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը»:
--00--ԱԹ