ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ամենայն խստությամբ դատապարտում է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ որպես ժխտողականության և ատելության դրսևորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։
«Այս ամոթալի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ ատելության և վայրագությունների հրահրում են, նոր Ցեղասպանության զազրելի կոչ, որոնց վկայությունն են Արցախի և նրա ժողովրդի հանդեպ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից իրագործվող պատերազմական հանցագործությունները»,- ասված է դեսպանության տարածած հայտարարությունում։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքերը ֆրանսիական Լիոն քաղաքում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։
Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
--00—ՄՀ