ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ապրիլի 15-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը խորհրդարանում հյուրընկալել է վարչապետի աշխատակազմի եւ փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչներին: Քննարկման առանցքում եղել են Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման միասնական մշտադիտարկման եւ ռազմավարական հաղորդակցության հարցերը:
Մերի Գալստյանը նշել է, որ Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաեւ առհասարակ ԵՄ-Հայաստան գործընկերության շրջանակում մեր երկրում իրականացվում են մի շարք առանցքային բարեփոխումներ ու ծրագրեր, որոնց ուղղությամբ հանրային հաղորդակցության, իրազեկման եւ վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն կա: Պատգամավորը նկատել է, որ այս ուղղությամբ մեծ աշխատանք է պետք իրականացնել` հիմքում դնելով հանրությանը ճիշտ իրազեկելու մեխանիզմը` որպես այդ բարեփոխումների թիվ մեկ շահառու:
Զրուցակիցները փաստել են, որ պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում պետք է ներդրվի հանրային հաղորդակցության իրականացման ռազմավարություն: Այս ուղղությամբ Վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության եւ մասնակցային կառավարման բարեփոխման ծրագրի ղեկավար Անժելա Կժդրյանը ներկայացրել է ՀԸԳՀ հաղորդակցության հաբի (CEPA Hub) ձեւավորման եւ ընթացիկ աշխատանքները` առանձնացնելով համաձայնագրի յուրաքանչյուր ոլորտի մասին թիրախային տեղեկատվական ուղերձներ մշակելու ու հանրայնացնելու, համաձայնագրի կիրարկման հաղորդակցության ռազմավարության մշակման ընթացքը, որն ակնկալվում է ավարտին հասցնել այս տարի: Համաձայնագրի կիրարկման միասնական մշտադիտարկման մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համագործակցության եւ բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Հայրապետյանը կարեւորել է գրասենյակի համակարգմամբ հատկապես մշտադիտարկման թվային հարթակի ձեւավորման կարեւորությունը, որը դեռեւս նախնական փուլում է. առաջիկայում նախատեսվում է թվային հարթակի տեխնիկական նախագծի մշակում եւ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ, ներառյալ Ազգային ժողովը: Մշտադիտարկման թվային հարթակը հնարավորություն է տալու յուրաքանչյուր քաղաքացու իրական ժամանակում պարզ ու համալիր տեղեկատվություն ստանալ ըստ ոլորտների համաձայնագրի կիրարկման ընթացքի վերաբերյալ` որակական ու թվային ցուցանիշներով:
Ընդգծվել է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ու հավելյալ փորձագիտական աջակցության կարեւորությունը, ինչպես նաեւ համաձայնագրի կիրարկման գործընթացում ԱԺ-Կառավարություն արդյունավետ փոխգործակցության դերը:
--00—ՍՊ