ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Երեկ և այսօր Ազատության հրապարակում խաղաղ հանրահավաքների կազմակերպիչների ու մասնակիցների հանդեպ ՀՀ վարչապետին ենթակա ոստիկանության կողմից ուժի բիրտ կիրառումը, որն այսօր ուղեկցվեց հայոց եռագույնի հանդեպ անհարգալիր վերաբերմունքով, արժանի են անհապաղ դատապարտման և կասեցման: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է խաղաղ երթը չեղարկողներին հարձակման ենթարկած և ՀՀ դրոշը արհամարհանքով խլած ու նսեմացրած ոստիկաններին՝ անկախ իրենց դիմակներից, բացահայտել և օրենքի ողջ խստությամբ պատժել:
«Ժառանգությունն» արձանագրում է, որ քողարկվելով ռազմական դրության օրենքի դրույթներով՝ ՀՀ իշխանությունը կոպտորեն ոտնահարում է ՀՀ քաղաքացիների ազատ ու խաղաղ կամարտահայտման իրավունքը մեր հայրենիքի համար վճռորոշ այս պահին՝ ժողովրդի ձայնը լռեցնելն անհնար է:
Նիկոլ Փաշինյանը թուղթ է ստորագրել պատերազմի դադարեցման մասին, հրապարակավ համոզում է, թե խաղաղություն է բերել Հայաստան ու Արցախ, այդ դեպքում ինչի՞ համար է ռազմական դրության պահպանումը: Ժողովրդավարության ու ազատության կարգախոսներով իշխանության եկած վարչապետը և իր ղեկավարած քաղաքական ուժը պետք է հասկանան, որ վճռական ընտրության առջև են, եթե շարունակեն բիրտ ուժ կիրառել ընդդիմախոսների հանդեպ, ապա Հայաստանը կհայտնվի քաղաքացիական պատերազմում, իսկ դա աններելի քայլ է: Հայաստանում բռնությունը պետք է բացառվի, ժողովրդի ազատ կամարտահայտումն այլընտրանք չունի:
--0--ԿԿ