ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ Արցախի հուշակոթողները պահպանելու նպատակով: Ստորագրահավաքը հասցեագրված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Նա մեջբերել է գեներալ դը Գոլի խոսքերը՝ «Ֆրանսիան չի կարող լինել Ֆրանսիա առանց իր մեծության», ապա նշել՝ Ֆրանսիան պատմության մեջ ձախողում է ունեցել՝ հայ ժողովրդին ճակատագրի քմահաճույքին թողնելով:
«Դուք չդատապարտեցիք Թուրքիայի աջակցությունն ունեցող Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառումը:
Դուք չդատապարտեցիք Թուրքիայի կողմից հայերի սպանության նպատակով ջիհադիստների տեղափոխումը:
Դուք չդատապարտեցիք Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ և մշակութային զտումները:
Լեռնային Ղարաբաղի հայկական հող է՝ իր պատմությամբ, մշակույթով ու բնակչությամբ: Մեր թվարկությունից առաջ՝ դարերի ընթացքում, այս հողն ականատես է եղել, թե ինչպես են այստեղ հաստատվում հայերի նախնիները: Տիգրանակերտ քաղաքը հիմնադրված է եղել մեր թվարկությունից առաջ՝ առաջին դարում»,- նշել է նա՝ ներկայացնելով ԼՂ պատմությունից որոշ դրվագներ:
Բուայեն հայտնել է՝ հայկական ինքնությունը, դարեր շարունակ տարբեր ազգերի հարձակումներին դիմակայած լինելով հանդերձ, պահպանվել է, սակայն այժմ առավել, քան երբևէ, վտանգված է՝ ի դեմս Դադիվանքի:
«Եթե Ադրբեջանը շարունակի թալանել քրիստոնեական մնացորդները Ղարաբաղում, ինչպես դա արել է նախկինում, ապա հայկական ժառանգության մնացորդները վաղը կարող են անհետանալ»,- նշում է Բուայեն՝ հորդորելով թույլ չտալ, որ անցյալի աղետները կրկնվեն:
--00--ԱԹ