ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Լաս Վեգասի հայկական համայնքի ներկայացուցիչները նոյեմբերի 17-ին, հավաքվել են Քլարք շրջանի կառավարական շենքի մոտ, որտեղ Հանձնակատարների խորհուրդն ընդունել է հռչակագիր, որով ճանաչվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման, ազատության ու անկախության իրավունքը։ Այս մասին գրել է Asparez.com-ը։
Քլարքի շրջանը Նևադայի ամենամեծ շրջանն է՝ շուրջ 2,3 միլիոն բնակչությամբ։ Այս շրջանը նաև հայտնի է ամերիկահայերի բավական մեծ համայնքով ու մի քանի ակնառու ամերիկահայերով:
Հանձնակատարներ Մայքլ Նաֆթն ու Ջասթին Ջոնսը հանդես են եկել հայտարարությամբ հաջակցություն Արցախի` ճանաչելով հայերի կրած մարդասիրական ճգնաժամն ու ներկայացնելով ընդունված հռչակագիրը։
Հռչակագիրը ներկայացվել է Լաս Վեգասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ադրուշան Էնդի Արմենյանին և Նևադայի Հայ դատի գրասենյակի համանախագահ Լենա Հովհաննեսյանին։ Հայկական սփյուռքի երկու ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանձնակատարների խորհրդին Արցախի բնակչությանը հասկանալու ջանքերի և նրանց ինքնորոշման իրավունքի հանդեպ հավատի համար։
Հռչակագրի հայտարարմանը ներկա էին նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը, Վաշինգտոնում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև հայկական եկեղեցու և կազմակերպությունների ներկայացուցիչները։
--00—ՄՀ