ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ՀՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ Կառավարության հրաժարականի պահանջից օրեր անց նախարար է նշանակվում:
«Ամեն ինչ գրված է, հրապարակվել է, հետևեք մամուլին, հարցը ժամանակավրեպ է, լավ չեք հետևել թեմային: Պարզաբանում տրված է, ես որևէ տեքստ չեմ գրել»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք իրեն չի անհանգստացնում այս վիճակը, նախարարը նշեց.
«Բոլորիս էլ անհանգստացնում է»:
Դումանյանը հորդորեց իրեն ոլորտին վերաբերող հարցեր տալ:
«Հարցեր տվեք այն ոլորտից, որի համար ես վերցրել եմ պատասխանատվություն, կառավարության ներկայացուցիչ եմ, ավելի հստակ՝ ԿԳՄՍ նախարար, նախարարությանը վերաբերող հարցեր ունե՞ք: Ես թիմի անդամ եմ ԿԳՍՄ նախարարության գործառույթների մասով, կուսակցական թեմաներով հարցեր մի տվեք»,- նշեց նա:
«Կրթության մասին օրենքի» փոփոխություններին անդրադառնալով՝ Դումանյանն ասաց.
«Օրենքը քննարկման փուլում է, գրվել է տարիների ընթացքում, լայն քննարկում անցել է, կան տարբեր կարծիքներ, դրա համար էլ ԱԺ գործառույթն է, որ վերջնական քննություն անցնի, իդեալայան օրենքներ գոյություն չունեն»:
Լրագրողի դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ այս օրենքի արդյունքում Արայիկ Հարությունյանը դառնա ԵՊՀ ռեկտոր, Դումանյանը նշեց.
«Զարմանում եմ՝ ոնց եք օրենքը կապում անձի հետ, որովհետև նման բան գոյություն չունի»:
--00--ԱԹ