ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Ես քիչ առաջ դուրս եմ եկել Ազգային անվտանգության ծառայության շենքից, ուր հրավիրվել էի վկայի կարգավիճակով՝ ցուցմունք տալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միոջոցով հայտնեց «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:
«Մեր ազգային անվտանգությունն իմ ցուցմունքներն ուզում էր ստանալ Քրեական օրենսգրքի 364 հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, այդ հոդվածով առհասարակ դատում են դասալիքներին: Ինչքան հասկացա, մեզ դասալքության մեջ ոչ ոք չի մեղադրում, բայց գործի շրջանակներում որպես ձեռք բերված ապացույց էին ներկայացվում իմ տեսաուղերձներից մեկում հնչած որոշակի տեղեկություններ»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ բուն ցուցմունքի մասին տեղեկություններ հաղորդելու իրավունք չունի:
Դանիելյանի խոսքով՝ իր տպավորությամբ քրեական գործը հարուցվել է, քանի որ իշխանությունները պատվեր են իջեցրել իրավապահ մարմիններին՝ դատախազությանն ու քննիչներին, որ «այս կապիտուլյացիայի մեղավորներին գտնեն և ինչ-որ մեկի վրա մեղքը բարդեն»:
--00--ԱԹ