ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Տավուշի մարզից մեկնարկած կրթական և նորարարական ծրագրերի հաջողությունները մարզպետ Հայկ Չոբանյանը քննարկել է Teach For Armenia կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից: Տավուշի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի արդեն տարիների համագործակցությունն ուղղված է կողմերի մարդկային ռեսուրսների, կարողությունների ու ջանքերի միավորմանը՝ ի նպաստ Տավուշի մարզում կրթության որակի բարելավմանը և կրթական այլընտրանքային համակարգերի ներդրմանը։
Տավուշի մարզում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեության շրջանակում իրականացրած վերջին ծրագրերից Դիլիջանի Seroond Schools-ն է։ Այսօր արդեն կողմերը քննարկում էին դպրոցի հաջողություններն ու կրթական և սոցիալական ոլորտներում ազդեցությունը։ Առաջիկա պլաններում Սերունդ դպրոցների քանակի ավելացումն է մարզի այլ համայնքներում։
Մարզպետ Հայկ Չոբանյանը ևս մեկ անգամ կարևորել է կրթական ոլորտում համարձակ մոտեցումն ու նորարարությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երեխայի տաղանդը բաահայտելն և իր ներուժն օգտագործելն առաջնային խնդիր է։
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ նման արդյունավետ համագործակցության արդյունքում կիրականացվեն երկարաժամկետ ծրագրեր։
«Շնորհակալություն ձեզ, որ մեզ թույլ եք տվել երազել և Ձեր աջակցությամբ իրականացնել մեր ծրագրերը։ Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը երկարատև և արդյունավետ կլինի»,- նշել է Լարիսա Հովհաննիսյանը:
--00--ԱԹ