ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։
Ողջունելով դեսպանին՝ տիկին Ղալեչյանը կարևորել է նրա այցելությունը նախարարություն։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին ճանապարհային ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։ Կողմերը քննարկել են ճանապարհային ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալի կողմից ներկայացվել են ՀՀ ճանապարհային ցանցը‚ ոլորտում ՀՀ պետական բյուջեի‚ վարկային և
դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրերը։ Առանձնակի կարևորվել են ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրերը‚ ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-Նիդերլանդների Թագավորություն համագործակցության շրջանակներում ճանապարհային ոլորտի մասնագետների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությանը մի շարք բնագավառներում‚ այդ թվում՝ ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման համակարգի զարգացման (նորմատիվ իրավական
կարգավորումներ), ճանապարհային ակտիվների կառավարման, ճանապարհների պահպանման և շահագործման մեթոդների և պահանջների կիրառման և այլն։ Քրիստինե Ղալեչյանը կարևորել է նաև ճանապարհային ոլորտում նորարարական մեթոդների, տեխնիկական, ինժեներական լուծումների օգտագործումը‚ ճանապարհային ոլորտի մասով տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը
սեմինարների, ուսուցողական այցերի և այլ միջոցներով:
Դեսպան Նիկո Սխերմերսն իր հերթին ընդգծել է‚ որ իրենք հետաքրքրված են նշված հարցերի վերաբերյալ աջակցություն ցուցաբերելու առնչությամբ։ Ըստ դեսպանի՝ պետք է կարողանալ գնահատել այս ոլորտում Հայաստանի կարիքներն ու աշխատել դրանց լուծման ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա հանդիպումների ընթացքում նշված հարցերն առանձին-առանձին քննարկելու և դրանց ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։
--00—ՄՀ