ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նաթիա Սուլավան, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն: Այս մասին հայտնում է 1TV.ge-ն։
Օրբելիանի պալատում տեղի կունենա Արմեն Սարգսյանի և Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ նախագահի և Վրաստանի նախագահի դեմ առ դեմ և ընդլայնված հանդիպում, որից հետո Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգան համատեղ հայտարարություններով:
Նախատեսվում է հանդիպում նաև Հայաստանի Հանրապետության նախագահի և Վրաստանի խորհրդարանի նախագահի Արչիլ Թալակվաձեի միջև:
Հայաստանի նախագահը կայցելի Թբիլիսիի հայկական տաճար:
--0--ԿԿ