ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո այսօր՝ մայիսի 3-ին, ինչպես արդեն հայտնել ենք, խորհրդարանում վարչապետի ընտրություն է լինելու:
24News-ին հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է չներկայանալ վարչապետի «չընտրության» նիստին: «Ամեն ինչ շատ պարզ է, էլ գանք ի՞նչ ասենք»,- մեզ հետ զրույցում ասացին ԲՀԿ-ականները:
«Լուսավոր Հայաստանը» սակայն պատրաստվում է և՛ ներկա գտնվել նիստին, և՛ հարցեր ուղղել վարչապետի պաշտոնակատարին:
Նիստից չեն բացակայի նաև «Իմ քայլը» լքածները: Նրանք նույնպես հարցեր ունեն Փաշինյանին:
Ըստ խորհրդարանական ընդդիմության՝ «Լուսավորի Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» հետ նախապես ձեռք բերած պայմանավորվածության՝ խորհրդարանն իշխող «Իմ քայլի» կողմից առաջադրված Փաշինյանին վարչապետ չի ընտրի:
Հիշեցնենք, որ ԱԺ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների միջև քաղաքական պայմանավորվածություն կա հատուկ նիստին վարչապետի թեկնածու չառաջադրելու վերաբերյալ։ Միակ թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ հատուկ նիստը մայիսի 10-ին է լինելու, որի ժամանակ կրկին վարչապետ չի ընտրվելու, և ԱԺ-ն իրավունքի ուժով ցրվելու է, նշանակվելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։
Սևակ Վրույր
--00—ԼՄ