ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Գավառի բնակիչ, 28-ամյա Գևորգ Խլոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Ազատության պողոտա ընթանալիս, բախվել է ճանապարհին վթարված վիճակում կայանված բեռնատար ГАЗель-ի հետնամասին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հարվածի հետևանքով էլ ГАЗель-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 4 հետիոտնի ու բախվել մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենայի:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Լևոն Բաբայանն ու Գևորգ Շագոյանը:
Վրաերթի ենթարկվածները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել շիրմաքարով և այն անսարքության հետևանքով խնդիրներ է ունեցել ու երբ առջևի Mercedes-ը կանգնել և օգնել են բեռնատարին, այդ ժամանակ Գ. Խլոյանը Mercedes ով մխրճվել է ГАЗель-ի հետնամասում:
--00--ԱՀ