ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Թեեւ նախընտրական ցուցակներում ամեն րոպե փոփոխություններ ու շտկումներ են արվում վերջնական հրապարակումից եւ ԿԸՀ դրանք փոխանցելուց առաջ, սակայն որոշակի պատկեր արդեն այնուամենայնիվ կա: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում այս անգամ չեն լինելու գործող իշխանության մի շարք առանցքային դեմքեր:
Հայկական ժամանակի աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա ընտրություններում ՔՊ ցուցակում չի լինի, օրինակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Թե որն է պատճառը, մեզ չհաջողվեց պարզել: Նրա մամուլի խոսնակը խոստացավ ճշտել, սակայն այդպես էլ չպատասխանեց:
Ցուցակում չի լինելու նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Մարությանի մամուլի խոսնակն առաջարկեց լուրի իսկությունը ճշտել կուսակցությունից: Կուսակցությունում, սակայն, ցուցակի մասին տեղեկություններ իմանալու համար առաջարկում են սպասել եւս մեկ-երկու օր: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններում իշխող կուսակցության ցուցակում չեն ընդգրկվելու նաեւ գործող պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Սիփան Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ցուցակում ընդգրկվողներին, ապա համակարգելով այդ մասով մեր ունեցած տեղեկությունները՝ կարելի է ասել, որ իշխող ուժի առաջին մեկուկես տասնյակը որոշակի տեղափոխություններով կունենա մոտավորապես այս տեսքը.
- Նիկոլ Փաշինյան
- Արարատ Միրզոյան
- Լիլիթ Մակունց
- Սուրեն Պապիկյան
- Խաչատուր Սուքիասյան
- Լենա Նազարյան
- Ալեն Սիմոնյան
- Արայիկ Հարությունյան
- Արփի Դավոյան
- Արսեն Թորոսյան
- Ռուբեն Ռուբինյան
- Մարիա Կարապետյան
- Ռոմանոս Պետրոսյան
- Գուրգեն Արսենյան
- Անահիտ Ավանեսյան
«Իմ քայլը» դաշինքի գործող պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ցուցակը կհրապարակվի մայիսի 26-ին և բոլոր մանրամասներին այդ օրը կտեղեկանանք: «Որոշ նորություններ կունենանք, նոր անձինք կներգրավվեն թիմում ու ես կարծում եմ, այո՛, այդ թիմը ընտրություններում ընդունակ է հաղթանակի: Մենք տեսնում ենք, որ հարցումները, հետազոտությունները, որ սոցիոլոգները անում են հիմա, դրանք մեզ լավատես լինելու բոլոր հիմքերը տալիս են»,- ասաց Ենգիբարյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
--00—ՄՀ