Ադրբեջանը փորձում է ստեղծել նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանի շահերից․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բացման խոսքը ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը։

«Հարգարժան Ջավադ,

Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Իհարկե, առանձնազրույցի ժամանակ մենք արդեն իսկ հանգամանալից անդրադարձանք երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերին: Այժմ մեր քննարկումները կշարունակենք ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունն ու հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին:

Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին շրջանում բավական ակտիվ են շփումները մեր երկրների ոլորտային ներկայացուցիչների միջև: Այս հանդիպումը լավ առիթ է` մտքեր փոխանակելու բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարների շուրջ, ուրվագծելու առաջիկա քայլերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ամրապնդել և զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը:

Հարգելի բարեկամ,

Դուք Հայաստան եք ժամանել մեր տարածաշրջանի համար տագնապալի օրերին, և այդ փաստը մենք բարձր ենք գնահատում։ Արդեն երկու շաբաթ է, ինչ Ադրբեջանի զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներ և փորձում են հրահրել նոր էսկալացիա, որը հղի է տարածաշրջանային նոր սպառնալիքներով։

Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ  հետևանք է անցած տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողություններին ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի։ Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է։

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում»:

--00--ԿԿ