ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Այսօր գերեվարված հայ 6 զինծառայողին վերադարձնելու համար հայկական կողմը մեկ ժամ ժամանակ էր տվել: ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց` մեկ ժամը լրանալուց հետո ռուս գործընկերները կապի են դուրս եկել, հայտնել, որ Բաքվում խորհրդակցություն է անցկացվում` գերեվարված զինծառայողների վերադարձման հարցով:
Ասրյանը նշեց` այդ իսկ պատճառով իրենք ժամկետը լրանալուց հետո գործողությունների չեն դիմել: Միաժամանակ նա հայտնեց` հայկական կողմի պայմանները չկատարելու դեպքում համապատասխան ծրագրեր են մշակվում:
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը նաև ներկայացրեց զինծառայողների գերեվարման պայմանները, անդրադարձավ հարցին` ինչո՞ւ մեր զինծառայողները զենք չեն կիրառել։
«16 օր հայտնի է, որ նշված իրավիճակը ռազմակաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել, կասեցնել առանց զենքի, առանց ուժի կիրառման։ Երեկ, մոտենալով մեր զինծառայողներին (4 հոգի կատարում էին համապատասխան աշխատանքներ), զենք ուղղելով մեր զինծառայողների վրա՝ հրամայել են հանձնվել»,- ասել է նա:
Ասրյանը նաև տեղեկացրել է` ևս երկու զինծառայող գերեվարվել է, երբ փորձել է մոտենալ` բանակցելու, հակառակորդը, լինելով նենգ, դավադիր, որդեգրած լինելով իր նենգ քաղաքականությունը, զինաթափել և գերեվարել է մեր 6 զինծառայողներին։
--00--ԱԹ