ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 7-ին՝ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են մայիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:
Զեկույցներ են ներկայացրել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մկրտչյանը, կադրային քաղաքականության բաժնի պետ Քրիստինե Ռաթևոսյանը:
Ռաթևոսյանը նշել է, որ ավարտվել է նախարարության կառուցվածքում փոփոխությունների, դրանով պայմանավորված որոշ կառուցվածքային ստորաբաժանումների վերակազմավորման և վերանշանակումների գործընթացը:
Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մկրտչյանի ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 232 պատահար, 343 հրդեհի դեպք: Արձանագրված դեպքերով հարուցվել է 9 քրեական գործ:
Քննարկում է ծավալվել հրդեհների ակտիվացման շուրջ. հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է, ընդ որում՝ ոչ միայն խոտածածկ և անտառապատ տարածքներում, այլ նաև աղբավայրերում: Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ շատ կարևոր է տնտեսվարողների և աշխատակիցների զգոնության բարձրացումը նման խնդիրներից խուսափելու համար, քանի որ հաճախ աղբի վերացման միջոց է հանդիսանում այրումը: Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է կանխարգելիչ գործողություններ իրականացնել:
--00--ԱՀ