ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով, հունիսի 25-ին Գյումրու «ինֆեկցիոն հիվանդանոց» դիմած երեխաների վիճակը մնում է միջին ծանրության: Այս պահին հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 16 երեխա և 7 մեծահասակ: Նրանք այսօր կմնան հիվանդանոցում: Այս մասին տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:
Շիրակի մարզ էքսկուրսիայի եկած երեխաները «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում: Երեխաների ինքնազգացողությունը վատացել է ավելի ուշ, երբ նրանք արդեն Գյումրիում էին:
«Երեխաների մոտ սկսվել է սրտխառնոց, փսխում: Կանչել են շտապ օգնություն ու տեղափոխվել ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդանոց դիմած 43 անձից 23-ը՝ 16 երեխա և 7 մեծահասակ ստացիոնար բուժում է ստանում և մեր մոտ կմնան ևս մեկ օր: Մյուսները ևս դեռ մեր հսկողության տակ են: Մեկ անգամ ևս բուժզննում անցկացնելուց հետո, նրանք կարող են տուն վերադառնալ »,-նշեց Աստղիկ Բեյբությանը:
Հաշվի առնելով, որ տարվա շոգ եղանակին մարդիկ հանգստանալու նպատակով հաճախ են լինում բացօթյա տարածքում կամ ճամփորդում, առողջապահության նախարարությունը զգուշացնում և հորդորում է՝ հանգիստը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու համար պահպանել մի շարք կարևոր կանոնններ.
- երեխաներին մի՛ տվեք այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ, պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն՝ նշված մթերքները թարմ պահելու համար,
- խուսափե՛ք երեխաներին հյուրասիրել աղցաններ, որոնք շոգ եղանակին շատ արագ փչանում են և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ,
- ավտոմեքենայում սննդամթերքը մի՛ պահեք մեկ ժամից ավելի,
- խուսափե՛ք հատապտուղներ և այնպիսի միրգ և բանջարեղեն օգտագործելուց, որոնք արագ են փչանում՝ խաղող, բալ, դեղձ և այլն, գերադասելի են գազարը, տանձը և խնձորը,
- կերե՛ք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ,
- խորոված պատրաստելիս, անպայման հետևե՛ք, որպեսզի միսը լավ եփվի (ապահովե՛ք լրիվ թերմիկ մշակումը),
- հավկիթն օգտագործելիս, կճեպը մաքրելուց առաջ, ցանկալի է լվանալ կերակրի սոդայի թույլ լուծույթով,
- կիրառե՛ք անձնական կամ մեկանգամյա օգտագործման սպասք և հիգիենայի պարագաներ,
- խմե՛ք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված, խուսափե՛ք բնական աղբյուրների ջրից,
- ստեղծե՛ք պայմաններ հաճախ լվացվելու (ամեն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո) և միրգն ու բանջարեղենը հոսող ջրով լվանալու համար,
- մի՛ լողացեք անծանոթ և կասկածելի ջրամբարներում։
--00--ԱՀ