ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Էջմիածին- Արմավիր` Մ-5 ճանապարհի աջ և ձախ հատվածներում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ոստիկանություն դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ֆեյսբուքյան խմբերում տեսանյութ է տարածվում Էջմիածին- Արմավիր` Մ-5 ճանապարհի աջ և ձախ հատվածներում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ:
Իմ հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB և Արմավիրի մարզպետարան` դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։
Հիշեցնենք, որ Մթնոլորտային օդի մասին ՀՀ օրենքի Հոդված 21-ի համաձայն արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:
Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում:
Շնորհակալություն եմ հայտնում ահազանգելու համար։
ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում եմ նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»,- գրել է նա։
--00--ԱՀ