ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Վերաքննիչ դատարանում շարունակվում է «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, բժիշկ Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը։ Չարչյանի պաշտպանական թիմը պահանջում է վերացնել կալանքը որպես խափանման միջոց, և այդ մասով միջնորդություն է ներկայացրել։
Քիչ առաջ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ կալանքի դեմ բողոքի միջնորդությունը քննելու։ Որոշումը կհրապարակվի հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան էրիկ Ալեքսանյանը։
Պաշտպանը նաև հայտնել է, որ Արմեն Չարչյանն այս պահին գտնվում է ՔԿՀ-ում, սակայն կա տեղեկանք-ուղեգիր, ըստ որի՝ նա ունի կարիք բժշկական հսկողության, մինչդեռ այդ հսկողությունը չի ձեռնարկվում։ Ըստ պաշտպանի՝ միջոցներ են ձեռնարկվում նրան դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու։
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։
--00—ԼՄ