ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները շարունակում են աշխատանքը։ Երեկ հակառակորդի կրակոցների պատճառով նրանք տարհանվել էին հանքավայրի տարածքից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Քանի որ կրակոցներ էին հնչում, այդ պատճառով գիշերային հերթափոխը տարհանվել է։ Հիմա ամեն ինչ նորմալ է»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին սրվել էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ Գեղարքունիքի հատվածում։ Ժամը 18։10-ի սահմանում Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրանքի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Ըստ պաշտպանության նախարարության՝ ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն 3 զոհ և վիրավոր:
Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա, բնակիչները փորձում են պատսպարվել:
--00—ԼՄ