ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
1920-ական թվականներին Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնությունների առաջին ալիքը իր մեջ ներառեց նրանց, ովքեր ոչ թե պայքարել են բոլշևիկների դեմ, այլ թուրքական և ադրբեջանական զորքերի դեմ՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում, Զանգեզուրի գոյամարտի ժամանակ։ Այս մասին ասված է «Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած հայտարարությունում:
«Ըստ էության, 100 տարի անց տեղի է ունենում նույնը, որի գործուն վկան Սյունիքի համայնքապետերի կալանավորումն է։
Հայաստանի գործող իշխանությունները չեզոքացնում են բոլոր այն անհատներին, ովքեր կարող են ստանձնել հայրենիքի պաշտպանության առաջնորդությունը արտաքին թշնամուց։ Սյունիքի քաղաքապետերի ձեռբակալմանը, ինչպես և սպասելի էր, հաջորդեց Գորիսի փողքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի ձեռբակալումը։
Այս ամենը, ըստ էության, պետական ահաբեկչության հերթական դրսևորումն է, որն իրականացվում է բոլոր այն հայրենասեր, հայրենատեր ու հայրենիքի արժեքը գիտակցող անձանց նկատմամբ, ովքեր ընդդիմանում են Հայաստանում գործող ներկա «իշխանությանը», ի ձայն արդարության բարձրացնում խնդիրներ, որոնք կապված են ՀՀ տարածքների սահմանային անվտանգության հետ:
Անզեն աչքով էլ տեսանելի է, որ գործող վարչախումբը փորձում է ամեն կերպ վախեցնել, լռեցնել բոլոր նրանց, ովքեր ընդդիմանում են և կընդդիմանան մեր հայրենիքի վաճառքին։ Գործող վարչախումբը կատարում է այն ուժերի պատվերները, ովքեր նրանց փոխանցել են Հայկական իշխանությունը։
Կոչ ենք անում բոլոր գիտակից անհատներին և քաղաքական ուժերին համախմբվել և կանխել այս ազգակործան ծրագիրը»,- ասված է հայտարարությունում։
--00--ԱՀ