ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 5-րդ օլիմպիադայում Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտ Ծովակ Եգորյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սան Ալեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալի։
Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ռումինիան, առցանց ձևաչափով անցկացվել է օգոստոսի 24-28-ը ֆիզմաթ դպրոցում։
Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին, և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 4 պաշտոնական մասնակից։ Կազմակերպիչները հնարավորություն էին տվել մասնակից պետություններին մրցույթից դուրս ներկայացնել նաև ոչ պաշտոնական մասնակիցներ՝ առավելագույնը 4 հոգի։
Օլիմպիադային մասնակցել են 30 երկրների 107 պաշտոնական և 64 ոչ պաշտոնական (մրցույթից դուրս) մասնակիցներ։ Հայաստանի թիմը ներկայացել է 4 պաշտոնական մասնակիցներով՝ ֆիզմաթ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներ Ծովակ Եգորյան, Մարտին Խաչատրյան, Ալեն Ղազարյան և «Քվանտ» վարժարանի սան Գագիկ Գևորգյան, ինչպես նաև 1 ոչ պաշտոնական մասնակցով՝ ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայան:
Թիմը ղեկավարել են ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և ուսանող Սամվել Անդրեասյանը։
2020 թ. Հայաստանի թիմը Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 4-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել էր 2 բրոնզե մեդալների։
--00—ՄՀ