ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24 News
«Սպառողների պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության Մրցակցության և սպառողների պաշտպանության գրասենյակի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված փորձագետներն այսօր դասընթաց անցկացրեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակիցների համար:
Այս մասին տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
3-օրյա դասընթացն ուղղված է սպառողների պաշտպանության համակարգի և հանձնաժողովի աշխատակիցների կարողությունների, ռեսուրսների և գիտելիքների կատարելագործմանը: Դասընթացին ներկա են գտնվել նաև Հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանը: Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհական զարգացման համագործակցության շրջանակում:
Լեհ փորձագետների հաջորդ այցը նախատեսվում է նոյեմբերին և նպատակաուղղված է ՀԿ-ների և համապատասխան կառույցների կազմակերպչական կարողությունների ուժեղացմանը: Փորձի փոխանակման նպատակով նախատեսվում է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայցուցիչների այց Լեհաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող ուսումնասիրություններին:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել կարգեր և ուղեցույցներ հասարակության մոլորեցման և դրա գնահատման, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթության առաջացման և դրա գնահատման վերաբերյալ:
--00—ՄՀ