Դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, փորձ է չեզոքացնել խաղաղապահների առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցի սպանությունը։ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տարածել է ԱԺ նախագահի հայտարարությունը:



«Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ահաբեկչական գործողությունների հետևանքով Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտակերտի բնակիչ 55-ամյա Արամ Տեփնանցը, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում Մարտակերտ քաղաքի հարակից դաշտերում։



Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է։



Ահաբեկչությունը կատարվել է այն ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պլանավորում է այցելել Երևան, Բաքու, այդ թվում նաև՝ Ստեփանակերտ։



Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որով  նա փորձում է չեզոքացնել նաև ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունը։



Նման սադրիչ գործողությունները պետք է անհանգստացնի ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլև ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։

Կոչ ենք անում ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահներին համապատասխան մեխանիզմներ մշակել՝ ագրեսիայի հեղինակներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու հրադադարի հետագա խախտումները  կանխելու ուղղությամբ»։

--00—ԼՄ