ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
«Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հարավ գյուղում իրավիճակը հանգիստ է, կյանքը նորմալ ընթանում է, ոչ մի խուճապ չկա: Երեկ գիշերը 1:00-ից հետո ռուս խաղաղապահները բարձրացել են դիրքեր, 15-ից 20 րոպե մնացին դիրքերում, որից հետո մինչև այս պահը ոչ մի կրակոց չի հնչել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Հարավ գյուղի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։
«Կրակոցները դիրքերում տևել են մեկ ժամից ավելի, վերջին անգամ հնչել են գիշերը 12:30-ին: Գյուղին վնաս չի հասցվել, փոխհրաձգությունը եղել է դիրքերում: Գյուղի տղամարդիկ, պատրաստ կանգնած էին, որ եթե մի բան լիներ դուրս գային, գյուղը պահեին: Մինչև ժամը 3:00-ը հենակետերում, բարձր հատվածներում գյուղի տղամարդկանց հետ սպասում էինք, որ եթե մի բան եթե լինի գյուղը պաշտպանեինք»,- նշեց գյուղապետը:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
--00--ԿԿ