ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Վաղարշապատի բաժնի ոստիկանները։ Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի 55-ամյա մի բնակիչ տանը մարիխուանա է պահում և օգտագործում:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց և փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո հարուցվեց քրեական գործ։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նոյեմբերի 12-ին խուզարկություն կատարվեց նշված հասցեում. արդյունքում բակում դրված թեփի պարկերի արանքից հայտնաբերվեց 8 փաթեթ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։
Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածն իրենն է, պահել է անձնական օգտագործման համար: Նշանակվել է տոկսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են։
--00--ԱԹ