ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24 News
Վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում կտրուկ աճել են շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորվելու դեպքերը: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Դրանք հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։
Արտակարգ իրավիճակներից ու դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար՝ հորդորում ենք խստագույնս պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:
Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ բացօթյա տարածք և օդափոխել բնակարանը։ Եթե տանն առկա է գազօջախ, անհրաժեշտ է անջատել այն և փակել գազի հոսքը։
Օդափոխելով տարածքը գազի խտությունը նվազում է՝ միաժամանակ նվազեցնելով թունավորման ռիսկը։
--00--ԱՀ