ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում համայնքային իշխանության ձևավորման հարցը դեռևս անորոշ է մնում։
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ դեկտեմբերի 5-ին Արաքսում կայացած տեղական ինքնակառավարման ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 3679 ձայն (43.48 %), «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 2485 (29.37%), «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2296 ձայն (27.14%)։
«Զարթոնք» կուսակցության մամուլի խոսնակ Անդրանիկ Մարգարյանը դժվարացավ դեռ հստակ բան ասել համայնքային իշխանություն ձևավորելու մասով։ «Այս պահի դրությամբ որևէ բան հստակ չեմ կարող նշել», - 24News-ին ասաց Մարգարյանը։
«Իշխող ուժի հետ կոալիցիան, համագործակցությունը բացառում եմ, բայց այլ զարգացումների մասով հստակ բան չեմ կարող ասել», - եզրափակեց նա։
Արաքսում ՔՊ համայնքապետի թեկնածու և Ջրարբի համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը 24News-ին ասաց, որ մինչև այժմ էլ անորոշ է համայնքային իշխանության ձևավորման հարցը։ «Ոչ մի ուժի հետ բանակցությունների մեջ չենք», - ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ են մտածել կոալիցիա կազմելու համար, Ղազարյանը պատասխանեց․ «Դե կմտածենք, ժամանակ ունենք»։
Ինչ վերաբերում է «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, ապա այսօր առավոտյան «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ՏԻՄ ընտրությունների թեմային։ «Ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հանուն Հանրապետության կուսակցությունը դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Արթիկ, Նոյեմբերյան, Արմավիրի մարզի Արաքս և Արարատ խոշորացված համայնքներում Ապրելու երկիր և կամ Զարթոնք կուսակցության հետ կոալիցիոն գործընկերության որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել և այդպիսի հնարավորություն չի դիտարկում», - նշել էր Բաբաջանյանը։
--00--ԿԿ