ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24 News
ԱԺ ՔՊ-ական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ անել Ալիևի սպառնալիքներին ի պատասխան հաջորդ օրը ՀՀ Ազգային Ժողովում: Պետական շահով առաջնորդվելու դեպքում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը խելք խելքի կտային, միասնաբար կաշխատեին միջազգային գործընկերների հետ բաց և փակ հարթակներով՝ փորձելով համապատասխան արձագանքի հասնել՝ Բաքվի սանձարձակ պահվածը զսպելու նպատակով:
Բայց փոխարենը ԱԺ-ն հերթական անգամ վերածվեց փոխադարձ մեղադրանքի ու կշտամբանքի հարթակի, ավելին՝ ծեծկռտուքի ու հայհոյանքի վայրի: Սա է մեր անտրամաբանական իրականությունը, ու ամենացավալին, որ սա ՀՀ քաղաքացիների քվեով ընտրված խորհրդարան է:
Մինչ ԱԺ-ում գզվռտոցով են զբաղված, Ադրբեջանը իր քաղաքականությունն է առաջ բրդում՝ հետևելով մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին, որոնք ոչ մի կապ չունեն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների հետ:
Իսկ զուգահեռ իրականությունում հայ զինվորը սահման է պահում, որ Ալիևը իր նպատակին չհասնի, որովհետև պետության արժեքը գիտի անգամ համատարած անարժեքության՝ ցավալի, բայց հուսամ նաև՝ անցողիկ փուլում»:
--00--ԱՀ