ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24 News
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն անցել են Լեռնային Ղարաբաղի Խրամորթ գյուղից մինչև Ասկերան քաղաք ձգվող նոր ճանապարհի կառուցման շինաշխատանքների ժամանակ անվտանգության ապահովմանը:
«Ներկա պահին միջոցառումներ են իրականացվում Խրամորթ գյուղում խճաքարի արդյունահանման աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար: Աշխատանքներն իրականացվում են սահմանազատման գծի երկայնքով, ինչով էլ պայմանավորված անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը»,- ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ասել է զորակազմի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:
2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ ագրեսիա Արցախի դեմ։ 44 օր տևած պատերազմի հետևանքով թշնամին օկուպացրեց Արցախին հարակից Ջաբրայիլ (Ջրական), Զանգելան (Կովսական), Ֆիզուլի (Վարանդա), Կուբաթլու (Սանասար) շրջանները, ինչպես նաև Հադրութը, Շուշին, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը։ Պատերազմը կանգնեց նոյեմբերի 9-ին, երբ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը հանդես եկան եռակողմ հայտարարությամբ, ըստ որի կողմերը կանգնեցին այդ պահին զբաղեցրած դիրքերում, իսկ Բաքվի վերահսկողության տակ անցան նաև Աղդամը (Ակնա), Քելբաջարը (Քարվաճառ) և Լաչինը (Բերձոր)։ Լաչինում ստեղծվեց հինգ կիլոմետրանոց միջանցք՝ Հայաստանի հետ Արցախի կապը պահելու համար, շփման գծի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ Արյունոտ և ողբերգական պատերազմի ժամանակ հայկական կողմն ըստ պաշտոնական տեղեկությունների տվեց շուրջ 4000 զոհ։
--00—ՄՀ