ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24 News
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երկիրը ներկայացնող անձը մեկ օրում մասնակցում է իրար տրամագծորեն հակասող օրակարգեր ունեցող երկու միջազգային գագաթնաժողովի (միայն այս կոնտրաստը խոսում է արկածախնդիր արտաքին քաղաքականության մասին, ու թող ոչ ոք սա չներկայացնի որպես "փոխլրացման" կամ "և՛, և՛"֊ի օրինակ, առնվազն Պուտինի ծիծաղը կշարժեք)։
Դեռ մի կողմ դնենք, որ երկրորդ` մեզ ոչինչ չտվող ժողովրդավարության համաժողովին մասնակցությունը ակնհայտ հակառուսական, հակաիրանական, հակաչինական ազդակներ է պարունակում։
Երկու դեպքում էլ, հաշվի առնելով դրանց օրակարգերն ու մասնակիցների շրջանակը, կարող էր բարձրաձայնել Հայաստանի և Արցախի համար կարևորություն ներկայացնող հարցեր, բայց
֊ Արցախից առհասարակ չխոսեց
֊ չարձագանքեց Ադրբեջանի ԵԱՏՄ հրավերին
֊ կրկին խոսեց բացառապես "ժողովրդավարության բաստիոնից"
֊ "հանուն ժողովրդավարության" համաժողովին նույնիսկ չանդրադարձավ մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի ոտնձգություններին։
֊չխոսեց գերիներից
֊ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ չանդրադարձավ նույն պահին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքին, որի արդյունքում ունեցանք զոհ և 8 վիրավոր(առավել ևս, որ դա Նազարբաևին հակադարձելու ճիշտ պատճառ էր)։
֊ չխոսեց ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններից։
֊չխոսեց այսպես կոչված "Զանգեզուրի միջանցքի" հետ կապված ադրբեջանական սպառնալիքներից...
Այս մարդը ի վիճակի չէ/մտադիր չէ պաշտպանել Հայաստանի շահը միջազգային ասպարեզում
Նա երեք տարի է, ինչ զբաղված է "ժողովրդավարության բաստիոնի" ռաբիզ երգը տարբեր առիթներով, կոտրված անգլերենով ու քայքայված ռուսերենով երգելով
Նա մեզ ներքաշում է նոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որտեղից, վախենամ, այլևս որպես պետություն չենք կարողանալու դուրս գալ»։
--00--ԱՀ