ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական որոշումն է կայացրել, որով ապօրինի են ճանաչվում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին թուրքական կողմի որոշումները:
Փետրվարի 1-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի մեջ նշված է, որ 2016 թվականին անձեռնմխելիությունից զրկված և դատական գործընթացների մեջ ներգրավված «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության 40 պատգամավորի, այդ թվում՝ կուսակցության հիմնադիր համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի խոսքի ազատությունը խախտվել է: Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացն էլ բնութագրված է «սահմանադրությանը հակասող»:
Ըստ գործով զբաղվող փաստաբանների հայտարարության՝ եվրադատարանի վճիռը Թուրքիային պարտավորեցնում է 5.000-ական եվրո փոխհատուցում վճարել նշված 40 պատգամավորներին (ընդհանուր՝ 200.000 եվրո): Բացի այդ, Եվրոպական դատարանի որոշման մեջ Թուրքիայից պահանջվում է վճարել նաև հայցվորների դատական ծախսերը:
Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն տվող սահմանադրական օրենքն ընդունվել էր 2016-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնությամբ: Օրենքի փոփոխությանը կողմ է քվեարկել նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը: Օրենքի փոփոխության հիմնական «շահառուն» է քրդամետ ԺԴԿ-ն, որի տասնյակ պատգամավորներ դրա հետևանքով զրկվել են անձեռնմխելիությունից, ձերբակալվել ու կալանավորվել:
--00--ՍԳ