ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
ՀՀ ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել Երևանի և մարզերի մի շարք բաժիններում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ամենօրյա քարոզչությունը՝ արդյունքների մասին պարբերաբար իրազեկելով հանրությանը։ Օրերս ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Արաբկիրի, Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում, մասնավորապես, Արաբկիրում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Նոր Նորքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ «Մոսին» հրացանի։
«Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Ստեփանավանի, Ջերմուկի, Թալինի և Նաիրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի, Ախուրյանի և Անիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են պայթուցիչներով նռնակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։
Եղեգնաձորի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ինքնաշեն թմբուկավոր ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Տավուշի բաժնում։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00--ԱՀ