ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Անթալիայում ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հանդիպումից հետո մամուլի ասուլիս է տվել: Նա հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարդասիրական միջանցքների հարցում որևէ խոստում չի տվել: Ըստ Կուլեբայի՝ Լավրովը ասել է, որ այդ հարցի վերաբերյալ կխոսի համապատասխան պաշտոնյաների հետ:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը մեջբերել է Կուլեբայի հետևյալ խոսքերը. «Համաձայնել եմ նմանատիպ ձևաչափով կրկին հանդիպել: Եթե լուծման անհրաժեշտություն առաջանա, ես համաձայն եմ նորից հանդիպել։ Մենք չենք կարողանում պատերազմը կանգնեցնել: Եթե մեզ վրա հարձակված երկիրը և պետությունը դա չի ցանկանում, մենք չենք կարող կանգնեցնել: Երբ ռուսական կողմը պատրաստ լինի բանակցել, ես էլ դրան պատրաստ կլինեմ»:
--00—ՄՀ