ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Օրերս ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծվել ու վնասվել է ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում կայանված տրակտորը: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը:
Լրատվական գործակալության թղթակիցն այցելել է Նախիջևանիկ, զրուցել համայնքի ղեկավարի հետ, տեղում ծանոթացել բնակավայրի խնդիրներին և տիրող տրամադրություններին։
«Թշնամին երկու արկ է գցել` բնակելի տնից մոտ 300 մ հեռավորության վրա և անասնաֆերմաների մոտակայքում։ Մեզ մոտ նմանատիպ խախտումներ հաճախակի չեն լինում»,-ասել է համայնքապետ Սևակ Պետրոսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ անվտանգությունից ելնելով գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ չեն կատարվում։
«Կան գյուղատնտեսական այնպիսի աշխատանքներ, որոնք կարելի է սկսել։ Օրինակ սկսված է էտի սեզոնը, մարդիկ ցանկություն ունեն նոր այգիներ հիմնելու»,-նշել է նա։
Ս. Պետրոսյանը տեղեկացրել է, որ գյուղում ապրում է 257 բնակիչ, դպրոցն ունի 86 աշակերտ։
«Գյուղում նախադպրոցական տարիքի երեխաները շատ են, սակայն մանկապարտեզ չունենք։ Նրանց համար վերջերս խաղահրապաակ է կառուցվել։ Մեզ մոտ շարժը մեծ է, աշխուժությունն էլ չի պակասել»,-ասել է համայնքի ղեկավարը։
--00—ՀԶ