ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հերթական հանցագործությունն են բացահայտել Երևանում։ Մայիսի 26-ին՝ կեսգիշերին մոտ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Արման Շ․-ից, ով հայտնել է, որ Հյուսիս-Հարավ մայրուղում նստել է Nissan մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ավտոմեքենայի խափանման պատրվակով խնդրել է իրեն այն հրել, որի ժամանակ վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն չի հաջողվել երիտասարդ տղայի շնորհիվ, գրում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, պարզել են, որ գողության դեպքը Հյուսիս-Հարավ մայրուղում կանխվել է 26-ամյա Նարեկ Մուրադյանի կողմից։
Այդ օրը՝ ժամը 00։30-ի սահմանում, Ն․Մուրադյանը տուն գնալիս նկատել է Nissan մակնիշի ավտոմեքենան, որի հետևից քաղաքացին վազում է։ Ն․ Մուրադյանը, ճիշտ կողմնորոշվելով, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, հետապնդում է Nissan-ին ու կարողանում է վարորդին բռնել, ապա նրան բերման է ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։
Պարզվում է, որ վարորդը Երևանի բնակիչ, 22-ամյա Կարեն Ա․-ն է, նա խոստովանում է, որ փորձել է գողանալ իր ավտոմեքենայում գտնվող Արման Շ․-ի պայուսակը, սակայն Ն․ Մուրադյանի հետապնդման շնորհիվ, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Ն․ Մուրադյանն աշխատում է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտում որպես պարեկ, կոչումով ոստիկանության լեյտենանտ է։
--00—ԼՄ