ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Հունիսի 8-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Խորհրդի անդամ Դ. Խաչատուրյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների ներդրման վարչության տնօրեն Ֆրեդերիկ Դոլտի և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանի հետ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում, և որ ապագայում նույնպես նոր ծրագրեր կիրագործվեն:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի դերին, արդարադատության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ:
--00—ԼՄ