ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 20, 24News
Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպել է առողջապահության նախարարության խորհրդատուների հերթական տարեկան հանդիպումը:
Գերատեսչության խորհրդատուների տարեկան հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության նախարարության ռազմավարության, քաղաքականության առաջնահերթություններն ու օրենսդրական վերջին բարեփոխումները։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը։
Կողմերն ընդգծել են առողջապահության նախարարության և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի արդյունավետ գործակցությունը և կարևորել միասին աշխատելու շարունակականությունը՝ առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման և առողջապահական համակարգերի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։
Երկօրյա աշխատաժողովի ժամանակ մանրամասն ներկայացվել են առողջապահության նախարարության ընթացիկ ծրագրերը, բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման, էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, բուժաշխատողների էթիկայի կանոնների, շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առողջապահության բնագավառի մասնագիտությունների նոր ցանկի վերաբերյալ։
--00--ԱՀ