ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Փլուզումներն ահռելի ծավալի են, երկաթբետոնե կոնստրուկցիաներ են, գրեթե ողջ տարածքը փլատակների տակ է, 24 ժամյա ռեժիմով շարունակելու ենք իրականացնել որոնողափրկարարական աշխատանքները: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
Անդրադառնալով անհետ կորած հարազատների այն դժգոհություններին, որ գիշերը տեխնիկայի և փրկարարների պակաս է եղել, ԱԻՆ փոխնախարարը նշեց, որ գիշերը աշխատանքները չեն դադարել, սակայն հերթափոխի և մարդկանց հոգնածության պատճառով աշխատանքների ինտենսիվությունը ցերեկվա համեմատ թուլացել է. «Գործընկեր պետական կառույցներից՝ Երևանի քաղաքապետարանից և տարածքային ինքնակառավարման մարմիններից ներգրավել ենք ջրատար մեքենաներ, ծանր տեխնիկա, ամբարձիչներ, կռունկներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, բայց պնդում եմ, աշխատանքները երբեք չեն դադարել»:
Հարցին, թե որքանո՞վ է հավանականությունը, որ այդքան ժամ անց փլատակների տակից ողջ մնացած քաղաքացիներ կհայտնաբերվեն, Արտյուշ Գրիգորյանը պատասխանեց. «Բացի փլատակների կույտից, նաև շատ բարձր աստիճանի ջերմություն է եղել, ցավոք, հավանականությունը փոքր է, որ նման ծավալի փլատակների տակից կարող ենք ողջ քաղաքացիներ հայտնաբերել: Հրդեհաշիջման աշխատանքների սկզբում 10 քաղաքացու հաջողվել է փրկել, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»:
Մանրամասները՝ տեսանյութում։