ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
«Դիմադրություն» շարժման հայտարարած ու մոտ 1 ամիս տևած դադարն իր բացասական ազդեցությունն ունեցել է գործողությունների ընթացքի վրա, ազդել է և ազդելու է, շատ բան պետք է փորձել սկսել նորից։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 2-ից «Դիմադրություն» շարժման վերսկսած գործողություններին։
Երկարաժամկետ դադարից հետո սեպտեմբերին 2-ին տեղի ունեցած հանրահավաքով վերսկսեցին բողոքի գործողությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։
Ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի՝ այս դադարը չի ընկալվել որպես ժամանակավոր. «Համենայնդեպս, հանրության որոշ մասի համար ամեն ինչ սկսվելու է նորից։ Ակնհայտ է, որ շարժումը չունի այն թափը, որ ուներ մայիս ամսին։ Հանրության մի հատվածի մոտ սա ընկալվել է ոչ թե որպես դադար, այլ՝ ինչ-որ փուլի ավարտ։ Եվ հիմա շատ բան պետք է սկսել նորից»։
«Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նոր բովանդակություն են հաղորդելու, մասնավորապես, ծրագրային դրույթների հրապարակմամբ «պոստնիկոլական փուլում», հայտարարեց, թե ինչ վեկտորներ են հիմնականում լինելու։ Այն, ինչը որ պետք է շարունակական լինի, նոր բովանդակություն պետք է ստանա»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ