ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է.
«Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից։
Իհարկե, այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)։
Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱԱԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։
Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե, իհարկե, ցանկալի ցուցմունք կտաս)»։
Ավելի վաղ ԱԱԾ-ն մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել են դատավորը և փաստաբանը, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։ Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործի։
--00—ԼՄ