ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված սահմանափակումների ենթակա՝ թափոն չհանդիսացող ապրանքների և ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկերը, որոնք նախկինում արդեն իսկ որակվել են որպես հսկման ոչ ենթակա ապրանքատեսակներ` համապատասխանաբար տվյալ ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի կողմից:
Ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում:
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ մաքսային հսկողություն իրականացնելիս, եթե հայտարարագրված ապրանքը ներառված է վերոհիշյալ ցանկերից որևէ մեկում և նույնականացվում է բնութագրով ու նկարագրությամբ (մոդել, մակնիշ, նկարագիր, տեխնիկական տվյալներ և այլն), ապա հայտարարատուի կողմից հայտարարագրի համապատասխան (31-րդ) դաշտում տվյալ ցանկին և ցանկի հերթական համարին հստակ հղում կատարող տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, անձանցից այլևս չի պահանջվելու հավելյալ թույլատվական փաստաթուղթ:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքի միևնույն բաժնում տեղադրված է նաև երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը, որը պարբերաբար թարմացվում և ընդլայնվում է։
--00--ԱՀ